Ընդդիմադիր թերթի խմբագրի դատավարությունը հետաձգվել է փաստաբանների՝ մեղադրյալի հետ պաշտպանության մարտավարությունը քննարկելու ցանկության պատճառով

21.10.2009, 18:32
Ընդդիմադիր թերթի խմբագրի դատավարությունը հետաձգվել է փաստաբանների՝ մեղադրյալի հետ պաշտպանության մարտավարությունը քննարկելու ցանկության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 22-ի կեսօր՝ փաստաբանների՝ մեղադրյալի հետ պաշտպանության մարտավարությունը քննարկելու ցանկության պատճառով:

Ինչպես չորեքշաբթի դատական նիստի ժամանակ նշեց ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, փաստաբանները պաշտպանյալի հետ չեն կարող քննարկել հետագա գործողությունները, քանի որ քրեակատարողական հաստատության հանդիպումների սենյակը, նրանց տվյալներով, լսվում է:   

«Դատարանի դահլիճը, որտեղ մենք խնդրում ենք մեզ քննարկման ժամանակ տալ, չի լսվում, բայց Դուք (գործով դատավոր Մնացական Մարտիրոսյան)մեզ ընդառաջ չեք գալիս: Իհարկե, մենք կփորձենք գրավոր կարգով մշակել մեր ծրագրերը, բայց աշխատանքի մեծ ծավալի պատճառով դա շատ ժամանակ կխլի»,- ասաց Սահակյանը:

Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը պաշտպանության կողմին հետագա ռազմավարությունը քննարկելու համար ժամանակ է տրամադրել, սակայն պարզաբանել, որ հայկական օրենքի համաձայն՝ փաստաբանները կարող են անարգել հանդիպել իրենց պաշտպանյալների հետ ՔԿՀ-ում, իսկ դատարանը մեղադրյալի ու պաշտպանների հանդիպման համար առանձին սենյակ տրամադրելու լիազորություններ չունի:

«Բացի այդ ուզում եմ տեղեկացնել, որ դատարանի դահլիճում նիստերի և ընդմիջումների ժամանակ կատարվում է ձայնա և տեսագրություն»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Փաշինյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է երեքշաբթի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։

Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:--0--