Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները

21.10.2009, 14:49
Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման մասին կառավարական օրինագիծը չորեքշաբթի ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մեջլիսի մամուլի ծառայությանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես սպասվում է, չորեքշաբթի կդիմի իր երկրի խորհրդարանի պատգամավորներին՝ ստորագրված փաստաթղթերի էությունը բացատրելու նպատակով:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-