«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը դեմ կքվեարկի

20.10.2009, 14:50
«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը դեմ կքվեարկի

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացմանը դեմ կքվեարկի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Հայ-թուրքական ստորագրված արձանագրություններում ամրագրված չէ, որ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց նախապայմանների: Այնտեղ կան մի շարք պահեր, որոնք իրավաբանական գրագիտություն և զգուշություն են պահանջում: Օրինակ՝ դրույթն այն մասին, որ կողմերը ճանաչում են ոչ թե օրինական, այլ գոյություն ունեցող սահմանները», - ասաց պատգամավորը:

Բացի այդ, Ալավերդյանը նշեց, որ հայկական կողմն այս հարցում պետք է հետևողական լիներ՝ դիվանագիտական հարաբերությունները Ցեղասպանության ճանաչման հետ չկապելու համար:

«Բազմաթիվ երկրներ կան, որոնք ճանաչել են միմյանց պետականությունը, հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, սակայն ունեն տարածքային վեճ, դա նորմալ պրակտիկա է», - ընդգծեց կուսակցության քարտուղարը:

Ալավերդյանի կարծիքով ևս մեկ կարևոր պահ է այն, որ արձանագրություններում ամրագրված են միջազգային իրավունքի գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, բացի ազգերի ինքնորոշման իրավունքից և 1948թ.-ին ընդունված «Ցեղասպանությունը կանխելու մասին» կոնվենցիայից:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-