Ընդդիմադիր թերթի խմբագրի իրավապաշտպանը հորդորում է դատավորին ինքնաբացարկ հայտնել

20.10.2009, 14:42
Ընդդիմադիր թերթի խմբագրի իրավապաշտպանը հորդորում է դատավորին ինքնաբացարկ հայտնել
Ընդդիմադիր թերթի խմբագրի իրավապաշտպանը հորդորում է դատավորին ինքնաբացարկ հայտնել

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառման և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող՝«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի իրավապաշտպան Լուսինե Սահակյանը դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:

Փաշինյանի գործով դատավարությունը սկսվել է երեքշաբթի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը դատարանի դահլիճից, Փաշինյանի իրավապաշտպանը հայտարարել է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող անկախ և անաչառ լինել, քանի որ ավելի վաղ արդեն քննել է Ալիկ Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի (հայկական արմատական ընդդիմության ակտիվիստներ) դեմ հարուցված նմանատիպ գործերը և կայացրել է մեղադրական վճիռ:

Իրավապաշտպանի կարծիքով, Մարտիրոսյանը «թույլ է տվել բազմաթիվ ընթացակարգային խախտումներ և գործի առնչությամբ ձևավորված ներքին համոզմունք ունի»: Միջնորդությանն աջակցել է նաև Փաշինյանը, ով ևս կասկած է արտահայտել դատավորի անաչառության կապակցությամբ:

Սակայն մեղադրող կողմը՝ ի դեմս դատախազ Հարություն Հարությունյանի, ներկայացված միջնորդությունը համարել է անհիմն և առաջարկել է մերժել այն:

Դատախազը նշել է, որ պաշտպանող կողմը որևէ իրական հիմնավորումներ չի ներկայացրել՝ նշելով, որ հասկանում է պաշտպանության «նյարդային լարվածությունը»: Միաժամանակ Հարությունյանը կոչ է արել չքաղաքականացնել գործն ու չստեղծել մեղադրող կողմի բացասական կերպար, ինչը, նրա կարծիքով, օգուտ չի բերի դատավարությանը:

Դատական նիստը սկսվել է Փաշինյանի հայտարարությամբ, ով դատավարությունն ու «յոթի գործը» զավեշտախաղ է համարել:

«Յոթի գործով» դատավարությանը 2008 թ.-ի մարտյան զանգվածային անկարգություններում մեղադրվողների նկատմամբ իրականացվող դատական գործընթաց էր: Մեղադրվողների թվում էին խորհրդարանի երեք պատգամավոր և ՀՀ ԱԳ նախկին նախարարը: «Յոթի գործի» գրեթե բոլոր դերակատարները համաներմամբ ազատ էին արձակվել:

Փաշինյանը նշելէ, որ «յոթի գործով» դատավարության ընթացքում խորհրդարանը վերանայել է Քրեական օրենսգիրքն ու որպես դատապարտյալների նկատմամբ պատժամիջոցի կիրառման տեսակ նախատեսել է հեռացում դատարանի դահլիճից, ինչպես նաև ներդրել է պարտադիր պաշտպանի ինստիտուտը:

Դատապարտյալը նշել է, որ եթե իրեն հեռացնեն դատական նիստերի դահլիճից, ապա կհրաժարվի ցանկացած պաշտպանից, այդ թվում նաև՝ դատարանի կողմից նշանակվող իրավապաշտպանից:

Դատարանի բակում հավաքվել են Փաշինյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ՝ նրա դիմանկարով և պաստառներով:

Այժմ երկուժամանոց ընդմիջում է հայտարարվել՝ պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկելու նպատակով:

Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի:-0-