Հայաստանի ԱԳՆ-ն չի հասկանում, թե որն է Ադրբեջանի կառուցողականությունը ղարաբաղյան հարցում

19.10.2009, 20:05
Հայաստանի ԱԳՆ-ն չի հասկանում, թե որն է Ադրբեջանի կառուցողականությունը ղարաբաղյան հարցում

ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը կասկած հայտնեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի կառուցողականության մեջ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, այս մասին Բալայանն ասել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովի հայտարարությունն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից և Հայաստանին մեղադրել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ:

«Ըստ երևույթին պարոն Պոլուխովը ի նկատի ունի այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն «կառուցողականությունը», որով հրաժարվեց 2001թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի-Վեսթում, կամ էլ այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը: Կարծում եմ` Պոլուխովի կառուցողականությունը կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»,- ասաց Բալայանը:  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքները նախատեսում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտություն, անվտանգության երաշխիքների տրամադրում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-