Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կբարդացնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. Դաշնակցություն

14.10.2009, 17:28
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կբարդացնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կբարդացնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ասաց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք հայոց հարցի ու Ցեղասպանության ճանաչման միջազգային լռության պատը քանդելու համար: Սակայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի մեջքի ետևում արձանագրությունները ստորագրելիս՝ միջազգային ուժերի այդ պատը, ում համար հայոց հարցն ընդամենը քաղաքական հաշվարկ է, կրկին կառուցվեց: Իհարկե, մենք նորից կքանդենք այն, պարզապես գործադիր իշխանությունները բարդացրեցին մեր աշխատանքը»,- ասաց Հովհաննիսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ: 

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հովհաննիսյանի կարծիքով, արձանագրությունների ստորագրումը հայ-թուրքական սահմանի բացմանը չմոտեցրեց: ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր Թուրքիա այցելելու իր մտադրության մասին, եթե մինչև իր այցը երկու պետությունների միջև սահմանը բաց լինի կամ գոնե մոտ լինի դրան:  

«Սակայն սահմանի բացմանը դեռ շատ կա: Դա ակնհայտ է դառնում, քանի որ անմիջապես արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիայի  վարչապետը, փոխվարչապետն ու ԱԳՆ ղեկավարը բազմիցս տարբեր համատեքստերում հայտարարեցին, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել Թուրքիայի ցանկությամբ և Ադրբեջանի շահերին համապատասխան»,- հայտարարեց պատգամավորը:  

Հովհաննիսյանի մոտ մտավախություն է առաջ բերել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արհեստական արագացումը: Պատգամավորի կարծիքով, արձանագրությունների տեքստերի հրապարակման հրատապությունը, դրանց ստորագրումն ու թուրքերի այն հայտարարությունը, որ փաստաթղթերը կներկայացվեն վավերացման թորքական խորհրդարանում արդեն հաջորդ շաբաթ, ապացուցում են, որ Հայաստանին մանևրելու հնարավորությունից զրկելու քաղաքականություն է տարվում: 

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։

Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։ Երևանում, իր հերթին, հայտարարում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին։--0--