Արձանագրությունների ստորագրումով Թուրքիան հասավ նրան, որ միջազգային օրակարգից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանեցին. ՀԱԿ

14.10.2009, 17:06
Արձանագրությունների ստորագրումով Թուրքիան հասավ նրան, որ միջազգային օրակարգից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանեցին. ՀԱԿ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան արձանագրությունների ստորագրման փաստով հասավ նրան, որ միջազգային, մասնավորապես ԱՄՆ օրակարգից հանեցին հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կարծում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Թուրքիան ստացավ այն, ինչ ցանկանում էր, նույնիսկ առանց արձանագրությունների վավերացման, մինչդեռ սահմանը կբացվի միայն վավերացումից հետո»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Հայաստանը և Թուրքիան շաբաթ օրը Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրություններ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:

«Դա գործարք է, որում ցեղասպանության միջազգային ճանաչումը զոհաբերվել է սահմանների բացմանը»,- ընդգծեց Զուրաբյանը՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումն անվանելով «Ցյուրիխյան ուրացում»։

Միաժամանակ, Զուրաբյանը նշեց, որ Թուրքիան, միևնույն է, չի բացի հայ-թուրքական սահմանը, մինչև հայկական կողմը դուրս չբերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց։

«Արդյունքում Հայաստանը կամ կմնա առանց ոչնչի, կամ էլ ստիպված կլինի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում»,- նկատեց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-