Քաղաքացիական ծառայության համակարգում բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքները կավարտվեն 2010 թ.-ի հունիսին

14.10.2009, 15:44
Քաղաքացիական ծառայության համակարգում բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքները կավարտվեն 2010 թ.-ի հունիսին

Քաղաքացիական ծառայության համակարգում բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքները կավարտվեն 2010 թ.-ի հունիսին: Նման որոշում կայացվել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի` չորեքշաբթի կայացած նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Նիստին որոշվել է ձեռնամուխ լինել ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակմանը:

«Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացվեն քաղաքացիական ծառայության  համակարգի բարեփոխումներ:

Ծրագրի նպատակն է` Եվրամիության անդամ պետությունների և Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցության ցանցի ձևավորումը, համագործակցության նոր մեխանիզմների և շրջանակների զարգացումը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագրքի և ուսուցման հայեցակարգի մշակում և ընդունում, քաղծառայության համակարգում աշխատանքի ընդունման մեխանիզմների ու ընթացակարգերի բարելավում, պետական ծառայողների վերապատրաստում և վերաորակավորում:

Արդյունքում` Հայաստանում Եվրամիության չափանիշներով կստեղծվի պետական կառավարման` օրենքներով և իրավական նորմերով կարգավորվող միասնական համակարգ:-0-