ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում մենաշնորհ ունեցող «ՀայՌուսգազարդը» բանակցություններ է վարում «Գազպրոմ էքսպորտի» հետ՝ Հայաստանի համար գազի գնի իջեցման շուրջ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Նա հիշեցրել է, որ 2009-2014 թթ.-ին գազի մատակարարման մասին «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմ էքսպորտի» միջև կնքված երկարատև պայմանագրի շրջանակներում Հայաստանի համար ռուսական գազի գներն աստիճանաբար բարձրանում էին: Մինչև 2009 թ.-ի մարտը ներառյալ գազի գինը կազմում էր հազար խորանարդ մետրի դիմաց 110 դոլար, իսկ 2009 թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2010 թ.-ի մարտի 31-ը՝ 154 դոլար, 2010 թ.-ի ապրիլի 1-ից գինը նախատեսվում էր բարձրացնել մինչև 200 դոլարի:
«2010 թ.-ի ապրիլից սկսած, այսինքն սակագնային քաղաքականության հաջորդ փուլ անցնելիս հնարավոր է այդ գնացուցակի իջեցում», - ասել է Սարդարյանը:
Երեքշաբթի մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ 2010 թ.-ին Հայաստանի համար գազի գինը ծրագրված մակարդակի համեմատ կարող է նվազել մինչև հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլար:
««ՀայՌուսգազարդի» գործընկեր «Գազպրոմ էքսպորտի» հետ այժմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր նվազման շուրջ», - տեղեկացրել է Սարդարյանը:
Միաժամանակ «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղարը հրաժարվել է հրապարակել երկարատև պայմանագրի հաջորդ փուլի համար նախատեսված գազի հնարավոր գինը:
Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի միջոցով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին: Ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-