Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում չի նախատեսվում մինչև 2010 թ.-ի ապրիլ. թուրք փորձագետ

13.10.2009, 15:53
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում չի նախատեսվում մինչև 2010 թ.-ի ապրիլ. թուրք փորձագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում և առաջընթաց կարգավորման մեջ չի նախատեսվում մինչև 2010 թ.-ի ապրիլ, կարծում է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օհանը: 

«Մեր կանխատեսումն այսպիսին է, որ մինչև 2010թ.-ի ապրիլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում և առաջընթաց կարգավորման մեջ չի սպասվում»,- ասել է Օհանը երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արևելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ ու իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Փորձագետի խոսքով, ելնելով թուրքական մամուլի հրապարակումներից՝ թուրքական հասարակությունը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում որոշակի արդյունքներ է ուզում և միանգամից, սակայն եթե մինչև 2010թ.-ի ապրիլ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորված չլինի, ապա Հայաստանի հետ սահմանը չի բացվի:  

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:

Իրադարձությունների նման զարգացման պարագայում, ինչպես նշեց Օհանը, Թուրքիան կկանգնի ընտրության առաջ. կամ անվերապահորեն բացել Հայաստանի հետ սահմանը, կամ արևմտյան երկրների կողմից ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:   

«Առջևում մեզ՝ Թուրքիային և տարածաշրջանին լուրջ խնդիրներ են սպասվում»,- ասաց Օհանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-