Հայ-թուրքական արձանագրությունները լուրջ ներդրում են երկու երկրների միջև բարիդրացիության ձեռքբերման գործում. ռուս փորձագետ

13.10.2009, 15:08
Հայ-թուրքական արձանագրությունները լուրջ ներդրում են երկու երկրների միջև բարիդրացիության ձեռքբերման գործում. ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները լուրջ քաղաքական և միջազգային-իրավաբանական ներդրում են երկու երկրների միջև բարիդրացիության, փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտի ձեռքբերման գործում, ասաց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչյովը:

«Ռուսական քաղաքական ղեկավարությունն ու ԱԳՆ-ն ամենաբարձր մակարդակով գնահատեցին Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Լիխաչյովի խոսքերով՝ պայմանավորվածությունների նշանակությունն ուղղակիորեն վերաբերում է Անկարայի և Երևանի միջև հարաբերություններին, սակայն, միաժամանակ, նրանք հավասար չափով և ամենադրական կերպով ազդում են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա:

Նա նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի քաղաքական շիկացումը, այն շահագրգռվածությունն ու կամքը, որոնք դրսևորեցին երկու կողմերն իրենց քաղաքական շահերի համաձայնեցման գործընթացում, պահպանեն իրենց նշանակությունը նաև հետագայում՝ այդ պայմանավորվածությունների իրագործման փուլում:

«Անելով առաջին լուրջ քայլը՝ մենք կարող ենք հանգիստ ընթանալ այդ ուղղվածությամբ՝ լուծելով մնացած մյուս սուր խնդիրներն ու հարցերը», - ընդգծեց Լիխաչյովը:

Նա նաև նշեց, որ աշխարհաքաղաքական տեսակետից Անդրկովկասի այդ շրջանում կառավարման խնդիրը վերաբերում է ժամանակակից միջազգային քաղաքականության առաջնահերթ թեմաներին և խնդիրներին:

«Այս տարածաշրջանում սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով կուտակվել է լուրջ ճգնաժամային զանգված, որից անհրաժեշտ է հետևողականորեն ազատվել», - ասաց նա:

Փորձագետը կոչ արեց Թուրքիայի և Հայաստանի խորհրդարաններին՝ կայացնել բարձր քաղաքացիական և քաղաքական որոշում, ցույց տալ սեփական պատասխանատվությունն այդ փաստաթղթերի քննարկման փուլում և դրանց վավերացման գործընթացում:

Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջին-արևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին իր հերթին ասաց, որ հարաբերությունների բարելավման գործում Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել, և դա ընդգծում է հարաբերությունների մերձեցմանն ուղղված նրա ձգտումը:

«Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները շատ կարևոր են, և դրանք կարելի է միայն ողջունել», - եզրափակեց նա:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—