ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Օբամային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար

12.10.2009, 17:02
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Օբամային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին և, մասնավորապես, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերած հետևողական աջակցության համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Դուք ևս մեկ անգամ անձամբ վերահաստատեցիք աջակցության պատրաստականությունը ԱՄՆ-ի հայկական համայնքների հետ իմ հանդիպումների ընթացքում կայացած մեր հեռախոսազրույցի ընթացքում»,- նշել է Սարգսյանը Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու կապակցությամբ Բարաք Օբամային հղած շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական աջակցության, անհնարին էր լինելու արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Վերջում նախագահ Սարգսյանը գործընկերոջը հաջողություն է մաղթել իր գործունեության մեջ` հանուն համամարդկային արժեքների հաղթանակի և համաշխարհային կայունության ու անվտանգության հաստատման:

Բարաք Օբաման ԱՄՆ երրորդ նախագահն է, որ արժանացել է այս բարձր պարգևին: Նոբելյան մրցանակի դափնեկիր են եղել նաև Թեոդոր Ռուզվելտն ու Վուդրո Ուիլսոնը:

2009թ.-ի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային միջազգային դիվանագիտության ու մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված արտակարգ ջանքերի համար: -0-