Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կողմերի համար հարկադրված քաղաքական ակտ դարձավ. փորձագետ

12.10.2009, 14:48
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կողմերի համար հարկադրված քաղաքական ակտ դարձավ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Հայաստանի և Թուրքիայի համար հարկադրված քաղաքական ակտ էր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:

«Այդ արձանագրությունների ստորագրումը կողմերի համար հարկադրված ակտ էր: Իրականում նկատելի չէր, որ կողմերը ցանկանում են ստորագրել արձանագրությունները և կարգավորել հարաբերությունները: Ըստ էության՝ հարաբերությունների ոչ մի կարգավորում չի եղել», - ասաց Սարգսյանը:

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Քուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:

ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականի խոսքերով՝ Հայաստանն այս գործընթացում կատարել է «միանգամայն անպետք շատ բացթողումներ», ինչի հետևանքով Թուրքիան հայտնվել է ավելի շահավետ պայմաններում:

«Կարծում եմ, որ հայկական կողմը կատարել է շատ բացթողումներ, ինչի հետևանքով առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրման սկզբունքը չի պահպանվել», - ասաց նա:

Սարգսյանը նշեց երկու նման կետ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում էր իր եզրափակիչ ելույթում խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրների և Հայոց ցեղասպանության խնդիրների հարցերով զբաղվող պատմաբանների հանձնաժողովի մասին:-0-