Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ կվարեն Քիշնևում

08.10.2009, 10:54
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ կվարեն Քիշնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ կվարեն Քիշնևում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը հինգշաբթի տեղի կունենա Քիշնևում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի 17-ին երկկողմ ձևաչափով՝ երկու երկրների ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ:

Սարգսյանն ու Ալիևը հանձնարարել են արտգործնախարարներին միջազգային միջնորդների հետ միասին այս աշնանը նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Սարգսյանի և Ալիևի այդ հանդիպումը դարձավ ուղիղ բանակցությունների վեցերորդ փուլը, որոնք սկսվեցին 2008 թ.-ի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում:

Հայկական կողմը Քիշնևում կայանալիք հանդիպումից որևէ առանձնահատուկ ակնկալիք չունի: Ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Փարիզում Եվրոպայի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս իրատեսական չէ:

Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ հակամարտության կարգավորման հարցը չի գտնում և չի կարող գտնվել հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում:

«Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկարատև աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրումն անիրատեսական է», - ասել է Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հոկտեմբերի 1-6-ն եղել են հակամարտության գոտում՝ այցելելով Երևան, Ստեփանակերտ և Բաքու:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին ներկայացրել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը:

2009 թ.-ի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում կայացած «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Նրանց կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև համաձայնությունը պետք է ձեռք բերվի 2007 թ.-ի Մադրիդյան համաձայանգրի սկզբունքների հիման վրա:

Զուգահեռաբար հրապարակվեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

 

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-