Երևանի փոքր կենտրոնը մայրաքաղաքի 2791-ամյակի տոնակատարությունների ժամանակ փակ կլինի ավտոտրասնպորտի համար

07.10.2009, 19:39
Երևանի փոքր կենտրոնը մայրաքաղաքի 2791-ամյակի տոնակատարությունների ժամանակ փակ կլինի ավտոտրասնպորտի համար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի փոքր կենտրոնը հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքի 2791-ամյակի տոնակատարությունների ժամանակ փակ կլինի ավտոտրասնպորտի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության համաձայն     փոքր կենտրոնում երթևեկությունը դադարեցնելու նպատակը տոնին մասնակցող հետիոտնի համար անարգել տեղաշարժ ապահովելն է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունն արդեն նախանշել են այն փողոցները, որոնք տոնի օրը փակ են լինելու:

Երթևեկությունը փակ կլինի հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հաղթանակի կամրջից և Իսակովի պողոտայից դեպի «Մետրոպոլ» հյուրանոց, Ագաթանգեղոսի փողոցից` Խորենացու փողոց, Բաղրամյանից` փոքր կենտրոն, Սայաթ-Նովա - Ալեք Մանուկյան խաչմերուկից` Մաշտոցի պողոտք, Գրիգոր Լուսավորչից` Զաքյան փողոց և Մաշտոցի պողոտա, Աբովյան - Իսահակյան, Տերյան - Կորյուն խաչմերուկներից` փոքր կենտրոն, Պարոնյան - Լեո խաչմերուկից` Լեոյի փողոց, Թումանյան - Խանջյան խաչմերուկից` Թումանյան փողոց, ամբողջովին փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ռուսաստանի հրապարակը:

Հոկտեմբերի 11-ին հատուկ աշխատակարգով` կեսգիշերից էլ 2 ժամ անց կաշխատի մետրոպոլիտենը: Այդ օրը վարչական շրջաններից մինչև մետրոպոլիտենի կայարաններ երթուղիներում կլինեն հավելյալ փոխադրամիջոցներ։

«Էրեբունի-Երևան. 2791» տոնակատարության ժամանակ միայն փոքր կենտրոնում կլինի 16 բեմ` երաժշտության բոլոր ժանրերի սիրահարների համար:

Երևանի հիմնադրման տարեթիվը համարվում է Ուրարտուի Էրեբունի քաղաքի հիմնադրման տարեթիվը՝ մ.թ.ա. 782 թ.-ը: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։ Էրեբունու փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ --0--