SBS Շվեյցարական բիզնես-դպրոցի MBA ծրագիրը մեկնարկում է Հայաստանում

05.10.2009, 18:20
SBS Շվեյցարական բիզնես-դպրոցի MBA ծրագիրը մեկնարկում է Հայաստանում

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բիզնես-դպրոցի հիման վրա Հայաստանում մեկնարկում է Շվեյցարական բիզնես-դպրոցի (Swiss Business School, SBS) MBA (Master of Business Administration – Բիզնես-վարչարարության վարպետ) ծրագիրը։ 

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՌՀՀ մամուլի ծառայությունից, համապատասխան պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2009 թվականի օգոստոսի 22-ին Բադրագազ (Շվեյցարիա) քաղաքում ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի և SBS ղեկավար Բերտ Վոլֆսի կողմից։

ՌՀՀ բիզնես-դպրոցի հիման վրա Master of Business Administration (MBA) SBS ծրագրի իրականացումը բացառիկ հնարավորություն է ընձեռում դուրս չգալով Հայաստանից՝ ստանալ աշխարհում առավել գնահատված գիտելիքներ և դիպլոմ բիզնեսի ոլորտում՝  միաժամանակ համաշխարհային ամենաբարձր չափորոշիչներին  համապատասխանող մակարդակով։ Շրջանավարտները կստանան երկրագնդի ցանկացած կետում կասկած չհարուցող գիտելիքներ և դիպլոմ։

SBS շվեյցարական բիզնես-դպրոցի հավատարմագրումը պատասխանում է աշխարհի լավագույն  բիզնես-դպրոցների պահանջներին։ SBS-ը հավատարմագրում և անդամակցություն ունի միջազգային ամենահեղինակավոր մասնագիտացված հավատարմագրային կազմակերպություններում։

«Մարկետինգ» մասնագիտացմամբ MBA SBS դիպլոմից բացի, ուսուցման ավարտին շրջանավարտները կստանան նաև MBA ՌՀՀ «Ֆինանսներ և բանկ» մասնագիտացման դիպլոմ։

Առաջին անգամ Հայաստանում ունկնդիրները կապահովվեն դասախոսությունների՝ ռուսերեն լեզվով  համընթաց թարգմանությամբ  և ռուսերեն լեզվով գրականությամբ։

Ունկնդիրների առաջին խումբը բաղկացած է 20 հոգուց, նրանց թվում են Հայաստանի բանկային և առևտրային առաջատար կառույցների ղեկավարները։

Ծրագրի գիտական ղեկավարը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն է, ծրագրի ղեկավարը՝ Էդվարդ Սանդոյանը, ծրագրի տնօրենը՝ Արթուր Յավրույանը։ -0-