Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը. Սարգսյան

02.10.2009, 18:11
Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «The Armenian Reporter» հրատարակությանը տված հարցազրույցում: 

«Անկախ Հայաստանի շրջափակված լինել-չլինելու հանգամանքից, Հայաստանը չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծման, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությունը»,- ասել է նախագահը:

Նրա խոսքերով, որոշակի փոփոխություններ առկա են նաև Թուրքիայի ընկալման մեջ: «Իհարկե, շրջափակման գաղափարը՝ թե Հայաստանը ծնկի կգա տնտեսապես և կզիջի ադրբեջանաթուրքական տանդեմին, չարդարացրեց իրեն»,- ընդգծել է նախագահը:

Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի կողմից ավելի զիջողական լինելու մասին հայտարարությունները՝ նախագահն ասել է, որ հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է ՝ հարաբերությունների հաստատումն ու շրջափակման վերացումը անհրաժեշտ են երկու կողմերին, և այդ ուղղությամբ շարժվելու համար Հայաստանը չպետք է որևէ բան զիջի:

«Մեր կառուցողական մոտեցման վառ ապացույցն է արդեն իսկ այն, որ մենք պատրաստ ենք համագործակցության անգամ մինչև Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,- ասել է նա:

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ Հարավային Օսիայում պատերազմն իսկապես փոխեց մթնոլորտը տարածաշրջանում: «Այն ի ցույց դրեց ազգերի ինքնորոշման համար մղած պայքարին ուժային արձագանքի անհեռատեսությունը»,- ասել է նախագահը: -0-