Երևանում բացվել է ՌԻԱ Նովոստիի կազմակերպած «Երիտասարդ և հայտնի» աննախադեպ լուսանկարչական ցուցահանդեսը

01.10.2009, 13:05
Երևանում բացվել է ՌԻԱ Նովոստիի կազմակերպած «Երիտասարդ և հայտնի» աննախադեպ լուսանկարչական ցուցահանդեսը
Երևանում բացվել է ՌԻԱ Նովոստիի կազմակերպած «Երիտասարդ և հայտնի» աննախադեպ լուսանկարչական ցուցահանդեսը

«Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացում» չորրորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովի շրջանակներում «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած «Երիտասարդ և հայտնի» աննախադեպ լուսանկարչական ցուցահանդեսը հինգշաբթի բացվել է Մոսկվայի տանը:

Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 30 լուսանկար, որոնց հեղինակները տարբեր մասնագիտությունների և սերունդների ներկայացուցիչներ են, և նրանց միավորել է տաղանդը, աշխատասիրությունն ու սեփական գործին հանդեպ նվիրվածությունը: Ցուցահանդեսը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» բացառիկ ֆոտոարխիվի հիման վրա:

«Պատահական չէ ներկայացված դիմանկարների ընտրությունը: Բոլոր այս մարդիկ հաջողության են հասել երիտասարդ տարիքում, և հնարավոր է՝ դա որոշակի ազդակ կդառնա Հայաստանի երիտասարդ սերնդի համար սեփական ստեղծագործական ակտիվությունը դրսևորելու համար», - իր ողջույնի խոսքում նշեց «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը:

Նա շնորհակալություն հայտնեց Մոսկվայի տան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի և ՌԴ դեսպանատան ղեկավարությանը:

ՌՀՄ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ողջունեց Երևանում նման ցուցահանդեսի անցկացումը՝ նշելով, որ այստեղ ներկայացված են այն մարդկանց դիմանկարները, ովքեր նշանավորում են նոր, հզոր Ռուսաստանը:

«Ցուցահանդեսը կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվող մի շարք միջոցառումների կարևոր բաղկացուցիչն է, այն հաստատում է մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապը», - իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Վլադիմիր Սերյոգինը:

Ցուցահանդեսին ներկայացված են մարզիկների, դերասանների, երաժիշտների, ռեժիսորների և այլ մասնագիտության տեր անձանց լուսանկարները, ում դեմքն ու անունը հայտնի է յուրաքանչյուրին: Նրանց թվում են Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Գագարինը, Ալեքսանդրա Պախմուտովան, Ալեքսանդր Աբդուլովը, Լեոնիդ Պարֆյոնովը, Չուլպան Խամատովան, Կոնստանտին Խաբենսկին, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Էյզենշտեյնը, Իգոր Կուրչատովը, Վյաչեսլավ Ֆետիսովը, Օլեգ Տաբակովը, Եվգենի Եվտուշենկոն և այլոք:

«ՌԻԱ Նովոստիի» առաջատար լուսանկարիչների կողմից արված հայտնի մարդկանց դիմանկարները հնարավորություն են տալիս նոր կողմից տեսնել ծանոթ դեմքերն ու զննել նրանց մարդկային որակները:

Լուսանկարչական ցուցահանդեսի հյուրերի թվում էին նաև հայտնի տնտեսագետներ, քաղաքագետներ, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի առաջատար տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարներ:

Լուսանկարչական ցուցահանդեսով մեկնարկում է ՌՀՄ-ի 10-ամյակին նվիրված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով չորրորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը:

Կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում է ՌՀՄ-ում անցկացնել «Հարավային Կովկաս. գժտության տարածաշրջա՞ն, թե՞ համագործակցության արեալ» թեմայով  կլոր սեղան, Երևան-Կիև տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով, ինչպես նաև վարպետության դասընթացներ ՌՀՄ-ի ուսանողների համար:

Ցուցահանդեսի տեղեկատվական հովանավորն է «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը:-0-