Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը. նախագահ

01.10.2009, 10:32
Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը. նախագահ
Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը. նախագահ

Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն ի վիճակի չէ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Թուրքերի հետ հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում Ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել ևս` այն մոռանալ: Դա ուղղակի անհնար է: Որևէ նորմալ մտածող հայ մարդ չի կարող Ցեղասպանությունը մոռանալ»,-ընդգծել է երկրի ղեկավարը չորեքշաբթի Հանրային խորհրդի անդամների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման ժամանակ:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

ՀՀ նախագահը նշել է, որ շատ հստակ գիտակցում է, թե ինչ ծանր գործընթացի մեջ ենք մտել՝ երկխոսություն սկսելով Թուրքիայի հետ:

«Որևէ մեկը մեզ չի պարտադրել Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման: Եվ եթե միջազգային կառույցները, տարբեր երկրներ այս թեմայով խոսում են, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել` ճնշում, բանակցություններ, հորդոր, առաջարկություն և այլն: Որևէ մեկը, նորից եմ կրկնում, մեզ չի ճնշել: Որևէ մեկն ինձ չի ստիպել Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան», - հայտարարել է Սարգսյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-