ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետությամբ. ԱՄՆ փոխպետքարտուղար

30.09.2009, 12:13
ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետությամբ. ԱՄՆ փոխպետքարտուղար
ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետությամբ. ԱՄՆ փոխպետքարտուղար

ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդյունքի ձեռքբերմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Անշուշտ, մենք ողջունում ենք կարգավորման բուն գործընթացը, սակայն ցանկանում ենք տեսնել այդ գործընթացի արդյունքը», - նշել է Գորդոնը:

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդ գործընթաց է, որը երկու երկրներում էլ բախվում է լուրջ քաղաքական խոչընդոտների հետ, դժվար է ինչպես հայկական, այնպես էլ թուրքական իշխանությունների համար:

«Եթե դա հեշտ լիներ, ապա հարաբերությունները վաղուց կարգավորված կլինեին, և հենց այս ասպեկտն է հաշվի առել ԱՄՆ-ն՝ խոսելով խելամիտ ժամկետների մասին», - պարզաբանել է Գորդոնը՝ մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում կարգավորման մասին:

«ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին և ակտիվորեն մասնակցում է դրան: Սակայն հարկ է հիշել, որ վերջին խոսքն, այսպես թե այնպես, կողմերինն է՝ Հայաստանինն ու Թուրքիայինը: ԱՄՆ-ն կարող է միայն հիշեցնել կողմերին հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առավելությունների մասին», - ասել է Գորդոնը՝ պատասխանելով այդ գործընթացի վրա ԱՄՆ ազդեցության մասին հարցին:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»:

Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:-0-