Հայաստանի և Լիբանանի ղեկավարները գոհ են երկրների միջև բարեկամական հարաբերությունների մակարդակից

29.09.2009, 16:22
Հայաստանի և Լիբանանի ղեկավարները գոհ են երկրների միջև բարեկամական հարաբերությունների մակարդակից

Հայաստանի և Լիբանանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները:

Ինչպես հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկող համահայկական շրջայցի նախաշեմին:    

Ընդ որում Լիբանանի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը  հայ ժողովրդի հանդեպ:

«Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Հոկտեմբերի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը կսկսի համահայկական մեկշաբաթյա շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցի վերաբերյալ հայկական սփյուռքի կարծիքի ու մոտեցումների հետ ծանոթանալու համար: Ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ:—0--