ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հոկտեմբերի 1-ին

29.09.2009, 13:10
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հոկտեմբերի 1-ին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն հոկտեմբերի 1-ին, ՀՀ Տավուշի մարզում լրագրողներին է տեղեկացրել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Կասպրչիկը երեքշաբթի մասնակցել է հայ-ադրբեջանական շփման գծում անցկացված  դիտարկմանը:

Նրա խոսքերով, համանախագահները կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու:

Կասպրչիկը նշել է, որ համանախագահների այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը նախապատրաստելն է:

Միաժամանակ դիվանագետը ընդգծել է, որ ընթացող բանակցությունները հանդարտության կարիք ունեն և յուրաքանչյուր կրակոց, փոխհրաձգություն (շփման գծում), ինչպես նաև կորուստներ կարող են ազդել բանակցությունների մթնոլորտի վրա:

«Կարծում եմ, որ վերևից հրաման է տրվել զերծ մնալ կրակոցներից, պատասխան հարվածից, նույնիսկ եթե հակառակորդը որևէ միջոցներ է ձեռնարկում», - ասել է Կասպրչիկն՝ ավելացնելով, որ բանակցությունների ակտիվացումը կարող է նպաստել շփման գծում իրավիճակի հանդարտեցմանը:-0-