Հայաստանը մտադիր է ձկնեղեն արտահանել Ռուսաստան

25.09.2009, 18:02
Հայաստանը մտադիր է ձկնեղեն արտահանել Ռուսաստան
Հայաստանը մտադիր է ձկնեղեն արտահանել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նավաստի-Արմենիա/. Հայաստանն աշխատանքներ է տանում Ռուսաստան ձկնեղեն արտահանելու ուղղությամբ:

Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, ռուսական իրացման շուկաներում Հայաստանն ամեն տեսակի ձուկ իրացնելու հնարավորություն ունի, բացի թառափազգիներից:

Նրա խոսքերով, ընթացիկ տարվա սկզբին տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հանդիպումից հետո բավականին ակտիվ աշխատանքի ժամանակահատված է սկսվել ՀՀ և ՌԴ համապատասխան գերատեսչությունների միջև: 

«Բազմաթիվ այցերից ու տեղեկատվության փոխանակումից հետո Հայաստանից Ռուսաստան ձկնեղենի արտահանման նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության (Ռոսսելխոզնադզոր) դաշնային ծառայության ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցի մասին ձկնաբուծության ոլորտում կազմակերպությունների ատեստավորում անցկացնելու համար»,- պարզաբանեց Ղարիբյանը:

ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության (Ռոսսելխոզնադզոր) դաշնային ծառայությունը Պերուի և Հայաստանի՝ արտադրանքը Ռուսաստան արտահանելու շահագրգռվածություն ունեցող ձկնաբուծության և ձկան վերամշակման ձեռնարկությունների վերահսկողություն է անցկացնում:

«Դրական պայմանների առկայության դեպքում կսկսվի ձկնեղենի և խեցգետնի արտահանումը Հայաստանից Ռուսաստան»,- ասաց Ղարիբյանը:

Ղարիբյանը պարզաբանեց, որ անցյալ տարի Ռուսաստանում արգելված էր թառափազգիների որսը, ինչի պատճառով կտրուկ աճել են այդ արտադրանքի գները, ինչպես նաև ավելացել է Հայաստանից բերված թառափազգիների մրցունակությունը:
 
Սակայն, նրա խոսքերով, հաշվի առնելով այն, որ Հայաստանը 2009 թ.-ի հունվարին Վայրի ֆաունայի և ֆլորայի անհետացող տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի լիիրավ անդամ է դարձել, երկիրը կարող է թառափազգիների ընտանիքի ձկներ արտահանել ոչ միայն Ռուսաստան, այլև՝ Եվրամիություն: 

Ղարիբյանը հայտնեց նաև, որ դրա արդյունքում Հայաստանից ձկնամթերքի արտահանման այսօրվա 5 տոննա ծավալը կարող է մեծանալ մոտավորապես 10-20 անգամ:-0-