ԱՊՀ երկրներում ուսանողուհիների միայն 18 տոկոսն է ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվում. հարցում

25.09.2009, 16:49
ԱՊՀ երկրներում ուսանողուհիների միայն 18 տոկոսն է ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվում. հարցում

Բուհերում հարցում անցած ուսանողուհիների միայն 18 տոկոսն է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվում, իսկ 82 տոկոսը ֆիզկուլտուրայով զբաղվում է ստուգարք ստանալու համար, «Ֆիզկուլտուրայի դասերի և մարզական միջոցառումների անցկացման խնդիրները հայկական բուհերի ուսանողուհիների համար» սեմինարի ընթացքում ասաց Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Նորայր Ավալյանը:

Նրա խոսքերով, ԱՊՀ երկրներում առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների շրջանում անցկացված գրավոր հարցումը ցույց է տվել, որ ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու ցանկության բացակայությունը ուսանողները հիմնականում բացատրում են մյուս պարապմունքներից եկող հոգնածությամբ և ժամանակի պակասությամբ:  

Այս համատեքստում Ավալյանն ասաց, որ ԵՊՀ-ում անցկացվել է ուսանողների ֆիզիկական դաստիարակության լիարժեք համալիր մանկավարժական մոնիտորինգ:

Նրա խոսքերով, համեմատական վերլուծության համար մշակվել են ստուգարքային նորմատիվներ ԵՊՀ 964 ուսանողուհիների համար 60 մետր հեռավորության վազքում, տեղից թռիչք մետր երկարության մեջ, 500 մետր վազքում և տոկոսային հարաբերությամբ համեմատվել նախարարության պահանջների հետ:  

Համեմատական վերլուծության տվյալներով, 60 մետր վազքում անբավարար գնահատական են ստացել ուսանողների 94,18 տոկոսը, տեղից թռիչք մետր երկարության մեջ՝ 71,5 տոկոսը, իսկ 500 մետր վազքում 87,8 տոկոսը: 

Ավալյանը նշեց, որ ելնելով այդ թվերից, եկել են այն եզրակացության, որ ԵՊՀ ուսանողուհիների ֆիզիկական պատրաստվածությունը ցածր մակարդակում է:

«Ֆիզկուլտուրայի դասերի և մարզական միջոցառումների անցկացման խնդիրները հայկական բուհերի ուսանողուհիների համար» սեմինարն անցկացվում է «Կանայք և սպորտը» Միջազգային օլիմպիական կոմիտեի ծրագրերի շրջանակներում: Սեմինարին մասնակցում են հայկական բուհերի ֆիզկուլտուրայի ամբիոնների ղեկավարներն ու դասախոսները: -0-