Հայ ուսանողների ընդամենը 8 տոկոսն է հանձնում ֆիզկուլտուրայի նորմատիվները. ԱՕԿ-ի փոխնախագահ

25.09.2009, 16:38
Հայ ուսանողների ընդամենը 8 տոկոսն է հանձնում ֆիզկուլտուրայի նորմատիվները. ԱՕԿ-ի փոխնախագահ

Հայ ուսանողների ընդամենը 8 տոկոսն է հանձնում ֆիզկուլտուրայի նորմատիվները, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողուհիների ֆիզիկական կուլտուրայի դասերի և սպորտային միջոցառումների անցկացման խնդիրները» թեմայով սեմինարի ընթացքում:

«Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողուհիների ֆիզիկական կուլտուրայի դասերի և սպորտային միջոցառումների անցկացման խնդիրները» թեմայով սեմինարն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի «Կանայք և սպորտը» ծրագրի շրջանակներում: Սեմինարին մասնակցել են հայկական բուհերի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնների ղեկավարներն ու դասախոսները:

«ԱՕԿ-ի ղեկավարությունն ու Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ցավով նկատում են, որ ժամանակի ընթացքում Հայաստանի բուհերի ղեկավարությունն ավելի քիչ է ուշադրություն դարձնում ֆիզկուլտուրա առարկային», - ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, 8 տոկոսանոց ցուցանիշը խոսում է այն մասին, որ Հայաստանում այդ ուղղությամբ հետընթաց է նկատվում:

«Նման սեմինարներն այսօր անհրաժեշտ են երիտասարդության՝ հատկապես աղջիկների շրջանում այդ առարկայի նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելու համար», - նշել է Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, նման միջոցառումները պետք է շարունակական լինեն, և ինքն ուրախ է, որ ամբիոնների ղեկավարներն արձագանքել են և մասնակցում են այս միջոցառմանը:

«Մենք կլսենք նրանց կարծիքն ու առաջարկությունները և միասին կդիմենք ինչպես ՀՀ կրթության և գիտության նախարարին, այնպես էլ այն բոլոր ատյաններին, որոնք կարող են նպաստել Հայաստանում ֆիզկուլտուրայի դերի բարձրացմանը», - նշեց Գաբրիելյանը:

Ուսումնասիրությունների համաձայն, առաջին և երկրորդ կուրսի ուսանողների միայն 15-16 տոկոսն է ամբողջովին առողջ և ունի համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն: Նրանցից միայն 7,5 տոկոսն է կարողանում լողալ, 21 տոկոսը՝ խաղալ բասկետբոլ կամ վոլեյբոլ, իսկ 8,3 տոկոսն ինքնուրույն զբաղվում է ֆիզիկական վարժություններով:

ՄՕԿ-ի ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Երևանի «Սպարտակ» մարզադաշտում կանցկացվի էստաֆետ՝ տարբեր բուհերի ուսանողների մասնակցությամբ:-0-