Հայկական բանակն ի վիճակի է վերջ դնել Ադրբեջանի՝ պատերազմի մասին երազանքներին. Օհանյան

24.09.2009, 13:30
Հայկական բանակն ի վիճակի է վերջ դնել Ադրբեջանի՝ պատերազմի մասին երազանքներին. Օհանյան
Հայկական բանակն ի վիճակի է վերջ դնել Ադրբեջանի՝ պատերազմի մասին երազանքներին. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ հայկական բանակն ի վիճակի է վերջ դնել Ադրբեջանի՝ պատերազմի մասին երազանքներին:

«Թող ոչ մեկին չանհանգստացնեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, բյուջետային և քանակական հիստերիան: Հարկ եղած դեպքում մեր բանակն ի վիճակի է սրընթաց հարձակմամբ և ակտիվ ռազմական գործողություններով վերջ դնել պատերազմի մասին երազանքներին», - ասաց պաշտպանության նախարարը Վանաձորում բանակային երրորդ կորպուսի շտաբի վարչական շենքի բացման արարողության ժամանակ:

Նրա խոսքերով, Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, և այն անհրաժեշտ է պահպանել, հատկապես այսօր, «երբ չկա պատերազմ, երբ չկա թշնամու անմիջական ազդեցությունը»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է լիարժեք օգտագործել գոյություն ունեցող հնարավորությունները՝ աշխատելով և գնահատելով աշխատանքը:

«Թշնամին չի ննջում, նա կատարելագործվում է: Այդ պատճառով մենք պետք է մշտապես կատարելագործվենք՝ ագրեսիայի դեպքում արժանի հակահարված տալու համար», - ասաց Օհանյանը:

Նրա խոսքերով, բանակի հրամանատարական կազմն իր անձնական օրինակով, աշխատանքով, ինչպես նաև լավ աշխատանքի արժանի գնահատականով կարող է արմատախիլ անել առանձին սպաների և զինծառայողների մոտ նշմարվող անտարբերությունն ու գոյություն ունեցող բացթողումները:

Նոր շենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան սպաներ:-0-