Երևանում տեղի է ունեցել Խաչատրյանի անվան տրիոյի սկավառակի շնորհանդեսը

23.09.2009, 13:51
Երևանում տեղի է ունեցել Խաչատրյանի անվան տրիոյի սկավառակի շնորհանդեսը
Երևանում տեղի է ունեցել Խաչատրյանի անվան տրիոյի սկավառակի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղի է ունեցել Խաչատրյանի անվան տրիոյի սկավառակի շնորհանդեսը: Սկառավակում տեղ են գտել Առնո Բաբաջանյանի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները:

«Սա հայկական համույթի առաջին սկավառակն է, որը ձայնագրվել է Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի սրահում, իսկ թողարկվել է Մոսկվայում, որպեսզի ապահովվի ձայնագրության որակը», - չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց տրիոյի մասնակից, ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Նրա խոսքերով, սկավառակում զետեղվել են Առնո Բաբաջանյանի ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար fis-moll տրիոն և Դմիտրի Շոստակովիչի թիվ 2, e-moll, op.67 տրիոն:

«Սրանք կամերային ժանրում երկու ամենախոշոր ստեղծագործություններն են, ընդ որում Բաբաջանյանի տրիոյի մասին կարելի է ասել, որ այն տրիոյի ժանրում հայկական երաժշտության գագաթնակետն է», - ասաց Շահգալդյանը:

Նա նաև նշեց, որ սկավառակի ձևավորումը հայ-ռուսական ոճով է արված: Սկավառակի վրա պատկերված են հատվածներ հայկական և ռուսական արվեստի երկու խորհրդանիշներ Արշիլ Գորկու և Մարի Շագալի նկարներից:

«Արդեն վիզուալ ձևավորմամբ մենք ցանկանում էինք համախմբել մեր երկու մշակույթները և ցույց տալ, թե ինչ է ձայնագրված սկավառակի վրա: Իսկ արդեն լսելով սկավառակը՝ կարելի է համոզվել, թե որքան ճշգրիտ են համապատասխանում այդ նկարները երաժշտությանը, թվում է, թե նրանք ստեղծվել են այդ երաժշտության ներքո», - ասաց Շահգալդյանը:

Նրա խոսքերով, սկավառակի ձայնագրությունը հեշտ է ընթացել, մեկ շնչով:

Սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, մուտքն ազատ է: Շնորհանդեսի շրջանակներում կներկայացվի սկավառակի ծրագիրը:

Իսկ արդեն սեպտեմբերի 27-ի կեսօրին Star-city խանութում տեղի կունենա ինքնագիր-սեսիա, որի ընթացքում տրիոյի մասնակիցները կբաժանեն ինքնագրեր, կլուսանկարվեն ցանկացողների հետ, կպատասխանեն հարցերին և կշփվեն երաժշտասերների հետ:

Սկավառակի տպաքանակը հազար օրինակ է և կտարածվի հիմնականում Հայաստանում:

Սկավառակի ձայնագրումն իրականացվել է անգլիահայ ձեռներեց Ասատուր Գուզելյանի հովանավորչական աջակցությամբ:

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թ.-ին  որպես «Arsika» տրիո: Համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մասնակցել է այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Լոզանում անցկացվող «Schubertiade»-ն, Կոստա Ռիկայում անցկացվող «Festival de las Artes»-ը, Մեքսիկայում անցկացվող «Festival International Cervantino»-ն:

Տրիոյի ելույթները բազմաթիվ անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ: Երաժշտագետներն ընդգծում են համույթի վիրտուոզ կատարումը, իրական երաժշտականություն ու ոճային զգացողությունը:

2006թ.-ից ի վեր համույթը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Վերջին չորս տարվա ընթացքում համույթը Հայաստանում իրականացնում է լուսավորչական գործունեություն՝ համերգներ տալով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, անցկացնում է վարպետության դասեր դպրոցականների և ուսանողների համար:-0-