Հայկական դիվանագիտությունը չպետք է թույլ տա ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների փոխկապակցում. Միհրանյան

18.09.2009, 18:13
Հայկական դիվանագիտությունը չպետք է թույլ տա ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների փոխկապակցում. Միհրանյան

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական դիվանագիտությունը չպետք է թույլ տա ղարաբաղյան խնդրի փոխկապակցումը հայ-թուրքական հարաբերությունների հետ, կարծում է հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

«Անտեղի է կապել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ղարաբաղյան կարգավորման առաջընթացի հետ, և հայկական դիվանագիտությունը չպետք է թույլ տա այդ գործընթացների փոխկապակցում»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Միհրանյանը նշեց, որ չկա ճեղքում սպասելու որևէ նախադրյալ այն կարճ ժամանակահատվածում, որ տրված է արձանագրությունների նախաստորագրումից մինչև դրանց վավերացման գործընթացի սկիզբը երկու երկրների խորհրդարաններում։

Փորձագետը կարծում է, որ ճնշումն այդ հարցում հնարավոր է, սակայն նման ճնշման հավանականությունն էլ չնչին է։

Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների նշանակում է, որ ղարաբաղյան խնդիրը հանված է այդ գործընթացի օրակարգից։

Միհրանյանի կարծիքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի դեպքում Թուրքիան կարող է ասել իր ադրբեջանացի եղբայրներին, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելիս ինքը նրանց չի մոռացել։ «Բայց գնալով առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման՝ Թուրքիան արդեն նրանց մոռացել է»,- ասաց Միհրանյանը։

Փորձագետը նշեց նաև, որ հայկական կողմի համար ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային մոտեցումը, քանի որ չկան երաշխիքներ, որ փուլային լուծման դեպքում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղում կանցկացվի հանրաքվե, և դրա արդյունքները կընդունվեն Ադրբեջանի կողմից։ -0-