Հայաստանի օմբուդսմենը դրական է գնահատում Երևանում զանգվածային անկարգությունների մասին խորհրդարանական հաշվետվությունը, բայց մի շարք թերություններ է տեսնում

18.09.2009, 15:11
Հայաստանի օմբուդսմենը դրական է գնահատում Երևանում զանգվածային անկարգությունների մասին խորհրդարանական հաշվետվությունը, բայց մի շարք թերություններ է տեսնում
Հայաստանի օմբուդսմենը դրական է գնահատում Երևանում զանգվածային անկարգությունների մասին խորհրդարանական հաշվետվությունը, բայց մի շարք թերություններ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հաշվետվությունը, բայց  դրանում տեսնում է նաև թերություններ:

«Նման ձևաչափում հատուկ հանձնաժողովի ստեղծումը դրական քայլ է՝ պառլամենտարիզմի զարգացման տեսակետից: Հուսով եմ, որ ապագայում խորհրդարանական հանձնաժողովները կստեղծվեն միայն կառուցողական, դրական խնդիրներ լուծելու համար, այլ ոչ թե նման դեպքեր հետաքննելու համար»,- Հարությունյանն ասաց ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:  

ՀՀ ԱԺ պատգամավորներն այս շաբաթվա ընթացքում երկու օր շարունակ քննարկել են 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրմամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հաշվետվությունը: Հարցի քննարկումն ավարտելու համար հինգշաբթի անգամ խորհրդարանի արտահերթ նիստ է գումարվել:   

Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիտողություններ է արել հանձնաժողովի հաշվետվության առնչությամբ: Նրա կարծիքով՝ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն իր հաշվետվության մեջ փորձել է «խնայել» դատախազությանը և մարտյան դեպքերի հետաքննության ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերի առնչությամբ կտրուկ դիտողություններ չի արել: Ինչ վերաբերում է բուն հաշվետվության ոճաբանությանը, ապա օմբուդսմենը նշեց, որ հանձնաժողովի կողմից բացասական օրինակները բերվում են միայն ընդդիմության նկատմամբ, ինչը նշանակում է, որ փաստաթղթում անհրաժեշտ բալանսը չի պահպանվել:

«Երևանում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ հաշվետվության մեջ ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ այն տարածվել է միայն ընդդիամդիր ԶԼՄ-ների վրա: Մենք ինքներս դրա վկան ենք եղել և ուժերի ներածի չափով փորձել ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- նշեց նա:

Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը շատ մեղմ դիրքորոշում է դրսևորել նաև զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվածների հարցում, չի անդրադարձել մարտի 1-2 դեպքերի հետաքննման գործընթացում քննիչների կողմից կոպիտ խախտումների հարցին, ինչպես հարկն է չի ուսումնասիրել անկարգությունների վկաների ցուցմունքները:    

«Այս բոլորը փաստաթուղթը պրոբլեմատիկ է դարձնում, և մենք այս տեսանկյունից դրան բացասական ենք մոտենում: Հաշվետվության մեջ չկա որոշակիություն»,- ասաց նա:  

Հարությունյանը միևնույն ժամանակ նշեց խորհրդարանական հաշվետվության դրական չափանիշները: Մարդու իրավունքների պաշտպանը դրանց թվին դասեց,օրինակ, հանձնաժողովի կողմից այն դեպքերի փաստումը, երբ բռնություն ու կտտանք է կիրառվել քաղաքացիների նկատմամբ: «Հանձնաժողովը զերծ մնաց մի շարք հարցերի պատասխաններից, բայց որոշ խախատումներ կառույցի կողմից հստակ փաստվեցին»,- ասաց Հարությունյանը:   

Մարդու իրավունքների պաշտպանը դրական համարեց հանձնաժողովի հաշվետվության եզրակացությունը, որը, նրա կարծիքով, միակողմանի է մասնավոր դեպքերում, բայց ընդհանուր առմամբ լիովին օբյեկտիվ է՝ մարտյան դեպքերի պատճառների հայտնաբերման մեջ: 

«Հանձնաժողովը համարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառները համակարգային-ինստիտուցիոնալ էին, այսինքն՝ հասարակության փակ արտոնյալ շերտի առկայությունը, իշխանության գերկենտրոնացումը լարված իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներն էին: Հանձնաժողովը համակարգված ձևով հաստատել է այդ պատճառները, որոնց ի հայտ գալու հիմնական մեղավորները իշխանություններն են»,- հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ նշված պատճառների վերացման համար հիմնական պատասխանատվությունը ևս իշխանություններն են կրում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հանձնաժողովի հաշվետվության մեջ պատճառահետևանքային կապի տեսակետից հիմնական շեշտը ճիշտ էր դրված, և տեղի ունեցածի պատասխանատվությունը միայն մեկ քաղաքական ուժի գործողությունների վրա չէր թողնված:
 
«Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է ասել, որ ես դրական եմ գնահատում հանձնաժողովի հաշվետվությունը  պատճառահետևանքային կապի և անցկացված միջոցառումների տեսակետից, բայց որոշակիության տեսակետից փաստաթուղթը վիճահարույց է»,- ասաց Հարությունյանը: -0-