Հայ-թուրքական հարաբերությունների հարցով արձանագրությունների ստորագրումը մերժելու ՀՅԴ կոչը չի փրկի դրությունը. ՀԱԿ

17.09.2009, 15:51
Հայ-թուրքական հարաբերությունների հարցով արձանագրությունների ստորագրումը մերժելու ՀՅԴ կոչը չի փրկի դրությունը. ՀԱԿ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների հարցով արձանագրությունների ստորագրումը մերժելու ՀՅԴ կոչը չի փրկի դրությունը, կարծում է ընդդիմադիր ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«ՀՅԴ-ն բաց է թողել հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանակցություններում հակահայկական դրույթների մասին խոսելու հնարավորությունը դեռևս այն ժամանակ, երբ իշխանություն էր և օգտվում էր իշխանական լծակներից: Այժմ այն փորձում է որևէ կերպ փրկել իր հեղինակությունը` արտահայտելով դա հացադուլի կամ ցույցի տեսքով, սակայն, ըստ ամենայնի, դա նրան չի հաջողվի»,- ասաց Շահնազարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:  

Դաշնակցություն կուսակցությունը Երևանում կառավարության շենքի մոտ նստացույց և հացադուլ է անցկացնում` հանդես գալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունների ստորագրման դեմ, որը  սպառնում է ՀՀ ազգային շահերին;

Շահնազարյանի խոսքերով՝ այս քայլով ՀՅԴ-ն փորձում է ասել, որ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ արձանագրությունների մշակման ու ընդունման համար, սակայն ակնհայտ է, որ դա իրականությանը չի համապատասխանում, և ինքը լիովին պատասխանատու է, համենայն դեպս, այդ արձանագրությունների մշակման պահին Դաշնակցությունը իշխանական կոալիցիայի մաս էր կազմում:  

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-