ԵԽԽՎ-ն մոնիտորինգային հանձնաժողովի նիստերում չի ցանկանում քննարկել Հայաստանի վերաբերյալ որևէ հարց՝ ներառյալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը. «Ժառանգություն»

15.09.2009, 17:52
ԵԽԽՎ-ն մոնիտորինգային հանձնաժողովի նիստերում չի ցանկանում քննարկել Հայաստանի վերաբերյալ որևէ հարց՝ ներառյալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը. «Ժառանգություն»

Եվրոպայի Խորհուրդը մոնիտորինգային հանձնաժողովի նիստերում չի ցանկանում քննարկել Հայաստանի վերաբերյալ որևէ հարց՝ ներառյալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«ԵԽԽՎ-ն որոշել է չմիջամտել Հայաստանին վերաբերող որևէ հարցի, որպեսզի հնարավորություն տա իշխանություններին ստորագրել արձանագրությունները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Փոստանջյանը` ընդգծելով, որ ներկա տեսքով «Ժառանգություն» կուսակցության համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն անընդունելի են:

Փոստանջյանը նշեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավարի հրավերով ինքն անձամբ երկու անգամ մասնակցել է հանձնաժողովի նիստերին «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչի հետ միասին, որպեսզի հնարավորություն ունենա կարծիք արտահայտել Հայաստանի կողմից Վեհաժողովի բանաձևերի կատարման վերաբերյալ:

«Այս անգամ ես նամակ եմ ստացել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նախագահից այն մասին, որ հանձնաժողովը չունի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի մասնակցության կարիքը, քանի որ ընդդիմությունից ներկա է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչը»,- հայտնեց Փոստանջյանը: 
 
Բացի այդ, ըստ նրա, պարզվել է, որ Հայաստանին վերաբերող, մասնավորապես, ԵԽԽՎ բանաձևերի կատարման հարցերը, հանված են օրակարգից:

Փոստանջյանը հայտնեց, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ընդունվել է միայն Թուրքիայում բնակվող քրիստոնյաների իրավունքների բանաձևերի նախագիծը, որտեղ անուղղակիորեն անդրադարձ է կատարվել նաև հայերի իրավունքներին, որն էլ ընդգրկվել է լիագումար նիստի օրակարգում:

«Սակայն հետագայում պարզվել է, որ այդ հարցն էլ հանվել է օրակարգից»,- տեղեկացրեց պատգամավորը:

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Փարիզում:

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցութոյան ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունը դիմել է Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողով` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին՝ կոչ անելով քննարկել այդ հարցը ոչ միայն մամուլի ասուլիսներում և ԶԼՄ-ների միջոցով, այլ նաև պետական կառույցներում:

Սաֆարյանի խոսքերով` ուժի մեջ է մնում «Ժառանգություն» կուսակցության պահանջը արձանագրությունների վերաբերյալ, որի համաձայն` այդ խնդրով պետք է արտահայտվի ինքը` հասարակությունը հանրաքվեի միջոցով: Ըստ նրա` անհրաժեշտ է նկատի առնել նաև սփյուռքի կարծիքը: --0--