Միշել Լեգրանը հայտարարում է, որ առաջին անգամ զգացել է սեփական հայրենիքը Հայաստանում

15.09.2009, 13:15
Միշել Լեգրանը հայտարարում է, որ առաջին անգամ զգացել է սեփական հայրենիքը Հայաստանում
Միշել Լեգրանը հայտարարում է, որ առաջին անգամ զգացել է սեփական հայրենիքը Հայաստանում

Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, վոկալիստ և ջազմեն Միշել Լեգրանը հայտարարել է, որ առաջին անգամ զգացել է սեփական հայրենիքը Հայաստանում:

«Ես միայն քառորդ չափով եմ հայ՝ իմ մայրիկի հայրը հայ է եղել, սակայն զգացումը մեծ է: 1985 թ.-ին ես մեկ շաբաթ անցկացրեցի Հայաստանում՝ Խորհրդային միության տարածքում շրջագայության շրջանակներում: Առաջին անգամ այցելելով սեփական նախնիների հայրենիք՝ ես սկսեցի հիանալ հայրենիքով, տեսա շատ լավ բաներ, ինչպես նաև առաջին անգամ տեսա, թե ինչ բան է կոտորածի զոհ լինելը: Այստեղ առաջին անգամ ես զգացի սեփական հայրենիքը», - ասել է Լեգրանը:

Կոմպոզիտորը նշել է, որ մանկության տարիներին իրեն սովորեցնում էին նվագել ուդ և սազ, որոնց ուղեկցությամբ ինքը կատարում էր եգիպտական երգեր, քանի որ ընտանիքը երկար ժամանակ բնակվում էր այնտեղ:

Մաեստրոն նշել է, որ Երևան կատարած իր վերջին այցելության ընթացքում գտել է մեկ զարմիկ և զարմուհի, որոնց հետ կապ է պահում: Նրա խոսքերով՝ նրանք բնակվում են Երևանում, և վերջերս ինքն արդեն հանդիպել է նրանց հետ:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կցանկանա՞ր այցելել պատմական հայրենիք, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Լեգրանը պատասխանել է, որ «նույնիսկ չի փորձել և չի ունեցել նման ծրագրեր»:

«Եթե նույնիսկ նման ցանկություն եղել է, ապա այսօր այն չկա: Ես նաև չեմ սիրում այցելել Գերմանիա, ինչպես Թուրքիա, քանի որ այդ երկու երկրները Ցեղասպանության մեղավորներ են», - ասել է մաեստրոն:

Լեգրանի բացառիկ համերգը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 15-ին:Սա Լեգրանի առաջին մենահամերգն է Երևանում, մինչ այդ նա այցելել է Հայաստան, սակայն ելույթ է ունեցել հավաքական համերգներում, այդ թվում նաև Շառլ Ազնավուրի հետ: Լեգրանի համերգին կմասնակցի նաև Միշել Լեգրանի կինը՝ հանրահռչակ տավղահարուհի Կատրին Միշելը և կոմպոզիտորի քույրը՝ հիանալի  երգչուհի, հիասքանչ սոպրանո Քրիստիան Լեգրանը, որը The Swingle Singers հայտնի վոկալ խմբի նախկին մենակատարն է: Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Երևանում Լեգրանի համերգի գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան Բանկը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Արմավիա» ՍՊԸ-ն և Երևանի կոնյակի գործարանը:

Գործընկերներն են «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը, «Բալ» իվենթ-ընկերությունը, ինչպես նաև «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը: Համերգի կազմակերպիչներն են City Lights Productions-ը (GB, London) և Malkhas Jazz Club-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

Ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Միշել Լեգրանը երեք անգամ արժանացել է «Օսկարի»՝ «Երաժշտություն և կինո» անվանակարգում, տասներկու անգամ՝ Սեզար եվրոպական մրցանակի և հինգ անգամ դարձել է «Գրեմի» հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր: Իսկ ստեղծագործական ողջ կյանքի  ընթացքում մաեստրոն երաժշտություն է գրել 200 ֆիլմի համար և ձայնագրել ավելի քան 100 ալբոմ, այդ թվում նաև ջազային և սիմֆոնիկ ժանրերում:

Աստղերի ցանկը, ում հետ աշխատել է Լեգրանը, հիրավի փայլուն է՝ Ֆրենկ Սինատրա և Էդիտ Պիաֆ, Շառլ Ազնավուր և Լայզա Մինելի, Օսկար Պիտերսոն և Բարբարա Սթրեյզանդ, Մայլզ Դևիս և Դայանա Ռոսս, Սթեն Գեթց և Ստեֆան Գրափելի, Ռեյ Չարլզ և Մորիս Շևալյե, Քաթրին Դենյով և Մարի Լաֆորե:-0-