Հայ խորհրդարանականները երեքշաբթի ամառային արձակուրդներից հետո առաջին նիստին կհավաքվեն

15.09.2009, 11:14
Հայ խորհրդարանականները երեքշաբթի ամառային արձակուրդներից հետո առաջին նիստին կհավաքվեն
Հայ խորհրդարանականները երեքշաբթի ամառային արձակուրդներից հետո առաջին նիստին կհավաքվեն

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի կհավաքվեն ամառային արձակուրդներից հետո առաջին նիստին:

Խորհրդարանի աշնանային նստաշրջանը պետք է մեկնարկեր երկուշաբթի, սակայն մեռելոցի կապակցությամբ աշխատանքային օրերի փոփոխության հետ կապված երկուշաբթին ոչ աշխատանքային օր էր հայտարարվել:

Խորհրդարանի նիստի օրակարգը բավականին հագեցած է լինելու: Պատգամավորներն առաջին հերթին պետք է լսեն 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների և դրանց պատճառների մասին զեկույցը, որը պատրաստել է խորհրդարանական հատուկ հանձնաժողովը:

Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունները հետաքննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրանում է հենց սեպտեմբերի 15-ին: Ինչպես ավելի վաղ հավաստել է կառույցի նախագահ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը՝ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը պատրաստ է ներկայացնել իր զեկույցը:

ՀՀ խորհրդարանը կքննարկի նաև ՀՀ կառավարության և Զարգացման ասիական բանկի միջև  հուլիսին ստորագրված վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել 51.378.000 հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի վարկ՝ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի» (հատուկ գործողություններ) շրջանակներում:

Պատգամավորները մտադիր են նաև փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ընտանեկան օրենսգրքում, «Պետական թոշակների մասին» օրենքներում, վերանայել երկրի վարչատարածքային բաժանումը: ՀՀ խորհրդարանի քառօրյա նիստի օրակարգում, ընդհանուր առմամբ, ներառվել է 82 հարց և միջազգային 12 պայմանագիր:

Աշնանային նստաշրջանի բացման նախաշեմին էական վերադասավորումներ են տեղի ունեցել «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունում, որն այժմ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն գլխավորում է Ստեփան Սաֆարյանը: Իսկ Մարտիրոսյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը ընդհանրապես հեռացվել է կուսակցության շարքերից:-0-