Թումանյանական օլիմպիադայի հաղթողները որոշվել են

12.09.2009, 17:43
Թումանյանական օլիմպիադայի հաղթողները որոշվել են

Շաբաթ Երևանում որոշվել են հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 ամյակին նվիրված օլիմպիադայի հաղթողները։

Հաղթող է ճանաչվել Էմմա Հովհաննիսյանը, որը պարգևատրվել է Հովհաննես Թումանյանի և նրա թանգարանի պատկերները կրող ոսկե հուշամեդալով, ինչպես նաև ստացել է 50 հազար դրամի չափով դրամական մրցանակ (շուրջ 133 ԱՄՆ դոլար)։  

Երկրորդ տեղը զբաղեցրել է Քնարիկ Հարությունյանը, որը դարձել է արծաթե մեդալակաիր և ստացել 40 հազար դրամի չափով դրամական պարգև (շուրջ 107 ԱՄՆ դոլար)։

Ամենաթեժը եղել է երրորդ տեղի համար մղված պայքարը Կարինե Քոչարյանի և Արեգ Հասրաբյանի միջև, որոնք օլիմպիադայի գրավոր փուլի արդյունքներով միավորների հավասար քանակ են հավաքել, ինչի արդյունքում նրանք ստիպված են եղել պատասխանել լրացուցիչ հարցերի։ Սակայն բանավոր պայքարը ևս ի հայտ չի բերել հաղթողին, ինչի արդյունքում երրորդ տեղը կիսվել է երկու մասնակիցների միջև։ Նրանց են շնորհվել բրոնզե մեդալներ և դրամական պարգև 30 հազար դրամի չափով (շուրջ 80 ԱՄՆ դոլար)։

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի մշտական ցուցադրության ու հանրահռչակման բաժնի ղեկավար Սուսաննա Ադամյանի խոսքերով՝ օլիմպիադան նվիրված է բանաստեղծի ծննդյան 140-ամյա հոբելյանին։ Օլիմպիադայի մասնակիցների գիտելիքները ստուգելու համար կազմվել են հատուկ հարցաշարեր՝ բաղկացած 11 հարց-առաջադրանքից, իսկ օլիմպիադային մասնակցել կարող էին բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։

«Մենք կցանկանայինք, որ մեր մեծերն ու փոքրերը ևս մեկ անգամ հիշեին ու թերթեին Թումանյանի ստեղծագործությունները, նոր բաներ ու բանաստեղծի կյանքից հետաքրքիր փաստեր բացահայտեին իրենց համար։ Օլիմպիադան կարելի է հաջողված համարել, քանի որ մենք շատ դրական արձագանքներ ստացանք, մեզ զանգահարում էին ու շնորհակալություն հայտնում»,- ասաց Ադամյանը։  

Նրա խոսքերով՝ օլիմպիադային մասնակցել  է 16 մարդ, ընդ որում՝ հիմնականում Հայաստանի մարզերից։ Ինչպես տեղեկացրեց Ադամյանը, օլիմպիադայի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ Թումանյանի թանգարանի կողմից։

«Մենք նման հետաքրքրվածություն օլիմպիադայի հանդեպ չէինք սպասում, և նման ակտիվությունը վկայում է Թումանյանի հանդեպ հայ ժողովրդի մեծ սիրո ու հարգանքի մասին»,- հայտարարեց նա։ 

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ.-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953-ին։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է պոետի դուստր Ա. Թումանյանը։Թանգարանում հավաքված է Թումանյանի անձնական գրադարանը՝ շուրջ 8000 կտոր, որոնք նվիրված են կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, մշակույթին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը։

Ցուցադրվում են ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, լուսանկարներ, Ռոտ-տերի, Գ. Երիցյանի, Գ. Խանջյանի, Ա. Գրիգորյանի Թումանյանի ստեղծագործությունների ձևավորումների բնօրինակները։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի լիբրետտոյով «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորման մի մասը՝ Մ. Սարյանի ձևավորմամբ։—0-