Իրան-Հայաստան երկաթուղին տնտեսապես ավելի շահավետ կդառնա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում. տրանսպորտի նախարար

11.09.2009, 15:50
Իրան-Հայաստան երկաթուղին տնտեսապես ավելի շահավետ կդառնա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում. տրանսպորտի նախարար

Իրան-Հայաստան երկաթուղին հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ավելի շահավետ ու տնտեսապես գրավիչ նախագիծ կդառնա, կարծում է ՀՀ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը:

«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Իրան-Հայաստան երկաթուղին ոչ միայն աննպատակահարմար չի դառնա, այլև տնտեսապես ավելի գրավիչ կլինի: Երկաթուղին կծածկի  տրանսպորտային հաղորդակցության բացակայող մասը, որը բեռների փոխադրում կապահովի ասիական տարածաշրջանից` Չինաստանից, Հնդկաստանից, Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա` Հայաստանի և Թուրքիայի տարածքով»,- ասաց Սարգսյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայումս Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով: Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար:

Նախարարի խոսքերով` ներկայումս Թուրքիայում Բոսֆորի հատակով  երկաթուղային թունել է կառուցվում, որը ծրագրվում է ավարտել 2011 թ.-ին և որի շահագործումից հետո բեռները Չինաստանից Հայաստանի և Թուրքիայի տարածքով կարող են ուղիղ փոխադրվել Եվրոպա: Ինչպես կարծում է Սարգսյանը, այս գործոնի շնորհիվ Իրան-Հայաստան երկաթուղին շատ ավելի հետաքրքիր ու տնտեսապես գրավիչ կդառնա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում:  

Տրանսպորտի նախարարը հիշեցրեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը ՀՀ նախագահի կողմից հայտարարվել է առաջնահերթ նախագծերից մեկը: Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս նախագիծն անցել է մի շարք համաձայնեցումներ և այսօրվա դրությամբ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Զարգացման ասիական բանկի հետ, որի հետ ՏՏՀ անցկացնելու համար  Հայաստանին դրամաշնորհ տալու մասին բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում:

«Կարծում եմ, որ դրամաշնորհը տրամադրելուց հետո կպահանջվի 6-7 ամսվա աշխատանք, որից հետո մենք կկարողանանք վերադառնալ այդ հարցին»,- հայտարարեց նա:

Նախարարը հիշեցրեց, որ ներկայումս արդեն գործում է հայ-ռուս-իրանական հանձնաժողով` այս երկրների տրանսպորտի փոխնախարարների մակարդակով, որի առաջին նիստն արդեն տեղի է ունեցել հուլիսի սկզբին, իսկ երկրորդը ծրագրվում է անցկացնել աշնանը Երևանում: 

«Արվել է արդեն ևս մեկ քայլ. ստեղծվել է ճանապարհի շինարարության տնօրինություն, որն էլ զբաղվելու է ճանապարհի շինարարության գործնական միջոցառումներով, կազմակերպչական հարցերով ու նախագծի ֆինանսավորմամբ»,- հայտնեց նա:  

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-