Հայաստանի ԱԱԾ և ՌԴ ԴԱԾ ներկայացուցիչները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր

10.09.2009, 17:13
Հայաստանի ԱԱԾ և ՌԴ ԴԱԾ ներկայացուցիչները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր

Սպտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՌԴ ԴԱԾ ներկայացուցիչների խորհրդակցությունը երկու գերատեսչությունների ղեկավարների՝  գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանի և բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվեց երկու երկրների անվտանգության շահերին վերաբերող ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության ոլորտում երկու գերատեսչությունների պայքարի, գիտատեխնիկական համագործակցության հեռանկարների, տարբեր ոլորտներում օպերատիվ տեղեկատվության փոխանակման և այլ հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրությունում։

«Նման ամենամյա հանդիպումները նպաստում են երկկողմ համագործակցության և փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԴԱԾ ղեկավարներին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ -0-