12-ամյա տղա է տուժել նախորդ հանգստյան օրերին Հայաստանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով

07.09.2009, 14:55
12-ամյա տղա է տուժել նախորդ հանգստյան օրերին Հայաստանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.12-ամյա տղա է տուժել շաբաթ օրը Ապարան-Արտաշատ մայրուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, երկուշաբթի տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել  36-ամյա  Հովհաննես Սարգսյանը,  բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 12-ամյա Ռուբեն Սարգսյանն ստացել է գանգուղեղի վնասվածք և տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։  

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Նույն օրը երեկոյան, ժամը ութի սահմաններում Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում, որի հետևանքով «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը և տուժածներին դուրս բերելու  համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Սակայն փրկարարները, կապվելով դեպքի վայրում գտնվող ոստիկանների հետ, պարզել են, որ մեքենան կախվել է ձորի վրա, զոհեր և տուժածներ չկան։ Բացի այդ, ավտոմեքենան ոստիկանների օգնությամբ դուրս է բերվել ճանապարհ։ -0-