Հայաստանը հակակարկտային կայաններով ամբողջությամբ ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի

03.09.2009, 12:58
Հայաստանը հակակարկտային կայաններով ամբողջությամբ ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի
Հայաստանը հակակարկտային կայաններով ամբողջությամբ ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի

Հայաստանը հակակարկտային կայաններով ամբողջությամբ ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:

«Ընդհանուր առմամբ, կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար անհրաժեշտ կլինի հանրապետության տարածքում տեղակայել շուրջ 250 հակակարկտային կայան: Նշված քանակն ապահովելու համար կպահանջվի 1-2 տարի», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության համաձայն, առաջիկայում կքննարկվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի 2010 թ-ին հանրապետության տարածքում 120 հակակարկտային կայան տեղադրելու համար ֆինանսավորում հատկացնելու հարցը:

Նախօրեին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ այցելել է Արարատի մարզ, ծանոթացել Լուսառատ և Եղեգնավան համայնքներում տեղակայված հակակարկտային կայաններին:

Մարզի 5 համայնքներում` Լուսառատում, Արարատում, Նոյակերտում, Ավշարում և Եղեգնավանում այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին տեղադրված թվով 12 հակակարկտային կայաններն արդեն երեք անգամ գործարկվել են և, ըստ մասնագետների, ապահովել են սպասված արդյունավետությունը: Այդ  կայանները կարկուտից պաշտպանում են 1000 հա հողատարածք:

ՀՀ փոխվարչապետին ներկայացվել են պրոպան-բութան գազախառնուրդով ռադիոմոդեմային հեռակառավարվող հակակարկտային գազագեներատորային կայանքների գործարկման մանրամասները:

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցներով կայանները ստեղծվել և մարզում տեղադրվել են  «Պոստ Լեքս Քոնսալթինգ» հայկական ընկերության կողմից:

Տեղեկատվության համաձայն, Լուսառատում տեղադրված է 4, Նոյակերտում` 3, Եղեգնավանում և Արարատում` 2-ական, Ավշարում` 1 հակակարկտային կայաններ: Կայանները հեռակառավարվում են Արագածոտնի մարզում տեղակայված ռադիոլոկացիոն կապի միջոցով:-0-