ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկած ջանքերը

01.09.2009, 17:55
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկած ջանքերը

ԵԱՀԿ նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը երեքշաբթի ողջունել է Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկած ջանքերը՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:  

«Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրական քայլ կլինի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի համար: Ես ջերմորեն ողջունում եմ այդ դրական քայլը, որը կօգնի ԵԱՀԿ-ին անդամակցող այդ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է Բակոյանիսը:-0-