Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և խրախուսում նրանց կրկնապատկել ջանքերն արագորեն համաձայնագիր ստորագրելու համար

01.09.2009, 14:21
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և խրախուսում նրանց  կրկնապատկել ջանքերն արագորեն համաձայնագիր ստորագրելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և խրախուսում նրանց  կրկնապատկել ջանքերն արագորեն համաձայնագիր ստորագրելու համար, ասվում է պաշտոնական Ֆրանսիայի հայտարարության մեջ, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Ֆրանսիայի դեսպանատունը:

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:     

Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:  

«Հանրապետության նախագահը գոհունակությամբ և հույսով ծանոթացավ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկու երկրների միջև սահմանի բացման մասին բանակցությունների անհապաղ վերսկսման մասին այսօր արված հայտարարությանը», - ասված է հայտարարության մեջ:

«Հանրապետության նախագահը համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կունենա տարածաշրջանային կայունությանը նպաստող պատմական նշանակություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-