ՀՀ ԱԺ նախագահը հայրենակիցներին շնորհավորել է Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

01.09.2009, 14:00
ՀՀ ԱԺ նախագահը հայրենակիցներին շնորհավորել է Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայրենակիցներին շնորհավորել է Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսնակի ուղերձում ասվում է, որ մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում միշտ էլ եղել և մնում է աշխարհաճանաչողության արդյունքում ձևավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:

Պատմական իրողություններով պայմանավորված` կրթության դերն  առավել նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում և կանխորոշել նրա ապագան: Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության  հիմքն են եղել:

«Այսօր մենք պարտավոր ենք մեր խոհուն հայրերի ազգանվեր գործի շարունակողը լինել և մշակութային ազգ կոչվելու նրանց վաստակը փոխանցել գալիք սերունդներին»,- ասվում է ուղերձում:

Խոսնակը ուսուցիչներին, աշակերտներին ու կրթության գործի նվիրյալներին շնորհավորեց Գիտելիքի օրվա առթիվ՝ հաջողություններ մաղթելով ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: -0-