Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն կստորագրվի

01.09.2009, 13:25
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն կստորագրվի

Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն է նախատեսվում ստորագրել վեց շաբաթից, ասվում է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի և Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ:

Համաձայն երեք երկրների՝ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրած արտգործնախարարությունների հայտարարությանը, Հայաստանը և Թուրքիան պայմանավորություն են ձեռք բերել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:

«Նշված երկու արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ են սահմանում խելամիտ ժամկետներում: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: Երկու կողմերն առավելագույն ջանքերը կգործադրեն վավերացման արագ ընթացքի համար` համաձայն իրենց սահմանադրական և օրենսդրական ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն  ու կայունությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Թուրքիան իրենց վրա են վերցնում համատեղ ջանքերը շարունակելու պարտավորությունները՝ Շվեյցարիայի աջակցության դեպքում:

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին։

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-