Ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Երևան՝ ձյուդոյի ԵԱ նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու

28.08.2009, 15:59
Ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Երևան՝ ձյուդոյի ԵԱ նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը կայցելի Երևան՝ ծանոթանալու համար ձյուդոյի Եվրոպայի երիտասադական առաջնության  նախապատրաստական աշխատանքներին, որը կանցկացվի Հայաստանում սեպտեմբերի 11-14-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությանը։

«Պատվիրակությունը հայկական կողմի հետ, մասնավորապես, կքննարկի առաջնության մասնակցելու մտադրություն ունեցող ադրբեջանական թիմի անվտանգության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այցի ժամկետների վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվում։

Պատվիրակության կազմում կընդգրկվի նաև Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեկպերովը։ Սպասվում է, որ այցի ընթացքում կստորագրվի ընդունող երկրի կողմից բոլոր հարցերի, այդ թվում՝ անվտանգության, պետական դրոշը ծածանելու, մարզիկի հաղթանակի դեպքում օրհներգի կատարման հարցերի լուծումը նախատեսող նոր երկկողմ փաստաթուղթ։ -0-