Երևանում կանցկացվի Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիայի խորհրդաժողովը

28.08.2009, 13:45
Երևանում կանցկացվի Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիայի խորհրդաժողովը
Երևանում կանցկացվի Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիայի խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիայի ամենամյա 18-րդ խորհրդաժողովը՝ «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» թեմայով, կանցկացվի Երևանում սեպտեմբերի 3-5-ը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

«Ասոցիացիան ներառում է 23 երկիր: Հայաստանն Ասոցիացիային անդամակցում է 1999 թ.-ից», - ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Ազարյանի խոսքերով, ամեն տարի խորհրդաժողովն անցկացվում է ասոցիացիայի անդամ-երկրներից մեկում, և այդ երկիրը մեկ տարվա ընթացքում նախագահում է Ասոցիացիայում:

«Երկիրն ընտրվել է քվեարկության միջոցով: Երևանն ընտրվել է 18-րդ խորհրդաժողովի անցկացման վայր գրեթե միաձայն. դեմ էր քվեարկել միայն մեկ երկիր», - նշեց ԿԸՀ-ի նախագահը:

Նա տեղեկացրեց, որ խորհրդաժողովին կմասնակցեն ավելի քան 28 երկրի ներկայացուցիչներ:

Նրա խոսքերով, Ադրբեջանին ևս խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել, սակայն պատասխան դեռ չի ստացվել:

«Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն, մասնավորապես, այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «Դատարանների դերը ընտրական գործընթացներում», «Ընտրական գործընթացներում սոցիոլոգիայի կիրառման միջազգային փորձը», «Ընտրողների ճշգրիտ ցուցակների կազմումը»», - տեղեկացրեց Ազարյանը:

Նա նշեց նաև, որ խորհրդաժողովը ֆինանսավորում են ՀՀ ԿԸՀ-ն ու Ասոցիացիան՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

«Կոնֆերանսի մասնակիցների համար նախատեսված է նաև մշակութային ծրագիր, նրանք կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև «Արարատ» կոնյակի գործարան», - ավելացրեց Ազարյանը:

ԿԸՀ նախագահը նաև ավելացրեց, որ խորհրդաժողովին կմասնակցեն ոչ միայն Ասոցիացիայի անդամ-երկրները, նաև Պանամայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Ուգանդայի, Կանադայի, Իսպանիայի ներկայացուցիչները:

Եվրոպայի երկրների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիան հիմնադրվել է 1991թ.-ին: Ասոցիացիայի քարտուղարությունը գտնվում է Բուդապեշտում: Ասոցիացիայի անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Խորվաթիան, Հայաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Վրաստանն ու Ուկրաինան:-0-