ՀՀ կրթության նախարարն իր ոլորտի բարեփոխումներն է քննարկել Լոռու մարզի դպրոցների ուսուցիչների հետ

27.08.2009, 13:51
ՀՀ կրթության նախարարն իր ոլորտի բարեփոխումներն է քննարկել Լոռու մարզի դպրոցների ուսուցիչների հետ

Հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում հանդիպեց Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժների և համայնքի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկեց կրթության ոլորտի բարեփոխումները:

Ինչպես ասվում է Կրթության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նշեց 2008-09 ուսումնական տարում արձանագրած ձեռքբերումներն ու հաջողությունները, մասնավորապես անդրադարձ կատարվեց առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների ցուցաբերած արդյունքներին, ինչպես նաև մի շարք համայնքների դպրոցներում կատարված վերանորոգման աշխատանքներին:  

Նախարարն իր հերթին նշեց, որ կրթության բնագավառում բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, որովհետև «ժամանակակից աշխարհն անընդհատ նոր պահանջներ ու մարտահրավերներ է ներկայացնում, որոնց մեզ նման երկրները կարող են դիմագրավել միայն այդ դեպքում, երբ ունեն ուժեղ մշակույթ և ուժեղ կրթություն»:

«Մշակույթը որպես ազգի պահպանման, իսկ կրթությունը` մտավոր աշխատանքով տնտեսական բարիքներ ստեղծելու երաշխիքն է»,- նշեց նախարարը:

Այս համատեքստում Աշոտյանը նշեց, որ դպրոցներում աշակերտները պետք է նախևառաջ սովորեն սովորել, որովհետև  գիտելիքն այնքան արագ է կուտակվում աշխարհում, որ ոչ մի դասագիրք չի կարող սպառիչ պատասխան տալ որևէ բնագավառի բոլոր հարցերին:-0-