ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի բացառում Երևանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը

25.08.2009, 15:57
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի բացառում Երևանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի բացառում Երևանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը:

«Դա երբեք չի բացառվում, սակայն մենք դեռ ելնում ենք բանակցային գործընթացի տրամաբանությունից: Մենք չենք ցանկանում այդ հարցում Ադրբեջանի նման ապակառուցողական լինել, և եթե Ադրբեջանի դիրքորոշումը, որը հենց նրանց է փակուղի մտցնում, բանակցային գործընթացը ևս փակուղի մտցնի, ապա ոչինչ չի բացառվում», - ասել է Քոչարյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքերով, մինչ այժմ հանրապետությունը վարում է բանակցային գործընթացն ու չի ձեռնարկել նման կտրուկ քայլեր, օրինակ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:

Քոչարյանն ավելացրել է, որ այժմ արդեն գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կայացած փաստը, որը ճանաչվում կամ չի ճանաչվում տարբեր պետությունների կողմից: Եթե այդ փաստը չի ճանաչվում, ինչպես օրինակ Ադրբեջանի դեպքում է, ապա, Քոչարյանի կարծիքով, «դա նշանակում է՝ տվեք ինձ տարածքները, իսկ հետո ես կլուծեմ Ղարաբաղի խնդիրը, այն էլ՝ ուժային ճանապարով»:

«Իհարկե, նման մոտեցումը չի նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Այդ պատճառով անհրաժեշտ է համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ հետո արդեն խոսել իրագործման մանրամասների մասին: Այս ամենի հիմքում երկու հայկական կողմերի՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ընկած է մեկ սկզբունք՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երկաթե երաշխիքների առկայությունը», - ասել է Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-