Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում

24.08.2009, 13:18
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթել է Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում՝ հինգերորդ փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը, և 2010 թ.-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունքի համար պայքարելու հնարավորություն է ստացել:

Գրան-պրի շարքից Ջերմուկում անցկացվող շախմատի մրցաշարն ավարտվել է Վասիլի Իվանչուկի հաղթանակով, ով հավաքել է 8,5 միավոր: Ութական միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսել են Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը:

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարը նախօրեին ավարտվել է Ջերմուկում:

Ինչպես մրցաշարի փակման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ողջ աշխարհի շախմատասերների ուշադրությունը սևեռված էր մրցաշարի վրա:

«Մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սեր դեպի շախմատը....Առանց շախմատի այս աշխարհում ինչ-որ բան կպակասեր», - ասել է ՀՀ նախագահը՝ գոհունակություն հայտնելով, որ հաջողվել է Հայաստանում հեղինակավոր մրցաշար անցկացնել պատշաճ մակարդակով:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՖԻԴԵ-ին և նրա նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ համագործակցության համար, իսկ շախմատիստներին՝ հետաքրքիր պայքարի համար:

Նա շնորհավորել է մրցաշարի հաղթողներին՝ Իվանչուկին, Արոնյանին և Գելֆանդին, իսկ մյուսներին ցանկացել է հաջողություն՝ նշելով, որ նրանց լավագույն խաղերը դեռ առջևում են:

Խոսելով Արոնյանի հաջողությունների մասին՝ նախագահը նշել է, որ հայ գրոսմայստերը շատ բանի է հասել, դարձել է Աշխարհի գավաթակիր, կրկնակի օլիմպիական չեմպիոն: «Սակայն մենք նրանից ակնկալում ենք ամենագլխավոր տիտղոսը», - ընդգծել է ՀՀ նախագահը:-0-