Առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունը մի քանի աղմկահարույց հանցագործությունների բացահայտման մասին կհաղորդի. ոստիկանապետ

21.08.2009, 16:58
Առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունը մի քանի աղմկահարույց հանցագործությունների բացահայտման մասին կհաղորդի. ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին ՀՀ ոստիկանությունը մի քանի աղմկահարույց հանցագործությունների բացահայտման մասին կհաղորդի, ուրբաթ լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Դուք շուտով կլսեք մի քանի աղմկահարույց սպանությունների բացահայտման մասին: Օպերատիվ աշխատանքը կատարվել է պատշաճ մակարդակով: Հիմա ընթանում է վերջին փուլը, և առաջիկա օրերին հանցագործները կձերբակալվեն»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Գևորգ Մարգարյանի սպանությանը, ապա Ալիկ Սարգսյանը նշեց, որ այս գործով արդեն կան ձերբակալվածներ, և այժմ օպերատիվ աշխատանք է տարվում:  

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս հանցագործության բացահայտումը Ոստիկանության համար պատվի հարց է:

Հայաստանի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է փետրվարի երեքին, մոտավորապես ժամը 20:15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստով հարուցված է  քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։ --0--