ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Սփյուռքի հետ համագործակցության զարգացման հայեցակարգը

20.08.2009, 16:06
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Սփյուռքի հետ համագործակցության զարգացման հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման հայեցակարգը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայեցակարգը սահմանում է Սփյուռքի հետ համագործակցության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խնդիրները, նպատակներն ու հեռանկարները:

«Հայեցակարգի հիմքում ընկած են հայապահպանության, Հայաստանի օրհասական խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները», - տեղեկացրեց նախարարը:

Հակոբյանի խոսքերով, հայեցակարգը քննարկվել է Հայաստանի և Սփյուռքի ավելի քան հարյուր շահագրգիռ գերատեսչությունների, անձանց, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների հետ:

Նա ավելացրեց, որ փաստաթուղթն անցել է քննարկումների փուլ Հայաստանի բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում, ՀՀ նախագահի աշխատակազմում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ հայեցակարգը քննարկման և համաձայնեցման երկարատև փուլ է անցել և պատրաստ է հաստատման համար:

Հայաստանն ունի մեծ թվով սփյուռք, որի թիվը գերազանցում է հանրապետության բնակչության թիվը: Երկրի տարածքում բնակվում է 3,2 միլիոն մարդ, այն դեպքում, երբ տարբեր գնահատականների համաձայն, սփյուռքի հայերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 10 միլիոն մարդ: Առավել խոշոր հայկական համայնքներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լատինական Ամերիկայի երկրներում:-0-