ՀՀ կառավարությունը կքննարկի հակակարկտային համակարգերի կառավարման կենտրոնացված համակարգի ստեղծման հարցը

18.08.2009, 16:28
ՀՀ կառավարությունը կքննարկի հակակարկտային համակարգերի կառավարման կենտրոնացված համակարգի ստեղծման հարցը
ՀՀ կառավարությունը կքննարկի հակակարկտային համակարգերի կառավարման կենտրոնացված համակարգի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարման կենտրոնացված համակարգ ստեղծելու նպատակահարմարությունը առաջիկայում կքննարկվի ՀՀ կառավարությունում` հաշվի առնելով, որ արդեն իսկ Հայաստանում գործում են մի շարք ավտոնոմ կառավարվող համակարգեր, որոնց արդյունավետությունը բավականին բարձր է, տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարությունը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետների և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ այցելեց Թալին քաղաքում գործող «Բարվա» նորարարական հետազոտական կենտրոն:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնում արտադրվող սարքավորումներին, մասնավորապես, գյուղատնտեսության համար խիստ անհրաժեշտ հակակարկտային համակարգերի մշակման եւ արտադրման գործընթացին:

Տեղում մանրամասն քննարկվեցին «Բարվա»-ի կողմից արտադրվող հակակարկտային համակարգերի արդյունավետությունը և դրանց շահագործման հնարավոր տարբերակները:

«Բարվա» ընկերության արտադրած մի շարք հակակարկտային «Զենիթ» համակարգերն արդեն տեղադրված են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզի համայնքներում և իրենց սպասարկման գոտիներում ապահովում են բարձր արդյունավետություն: Այդ մասին վկայեցին նաև մի շարք համայնքների ղեկավարներ:

Գևորգյանը ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարեց ուսումնասիրել արտերկրի փորձը, պարզել, թե Հայաստանում այս համակարգերի գործունեությունը բնապահպանական տեսանկյունից մթնոլորտի վրա որքանով է ազդում:

Կարևորվեց հնարավորության դեպքում հայկական արտադրության նմանօրինակ համակարգերի լայնածավալ ներդրումը` հաշվի առնելով, որ կենտրոնի արտադրական հզորությունը տարեկան մինչև 250 միավոր «Զենիթ» հակակարկտային համակարգ է:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները հակակարկտային համակարգերի, արևային ֆոտովոլտայիկ էլեկտրակայանների, վաղ գարնանային ցրտահարության դեմ պայքարի սարքերի մշակումն ու արտադրությունն է: Այցի ընթացքում հյուրերը նաև ծանոթացան արևային ֆոտովոլտայիկ էլեկտրակայաններին և վաղ գարնանային ցրտահարության դեմ պայքարի սարքերին, որոնց լայնածավալ ներդրումը կնպաստի գյուղատնտեսական մթերքի արտադրման արդյունավետության բարձրացմանը:

Գևորգյանը կարևորեց նաև «Բարվա» նորարակաան հետազոտական կենտրոնի արտադրության մեջ նորարարական տեխնոլոգիաների և Հայաստանում առկա գիտական ներուժի կիրառումը: -0-